Իրանը ձգտում է տարածաշրջանային տերության դեր խաղալ` նպատակ ունենալով այդ իմաստով առաջ անցնել Արեւմուտքից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության Ռուսաստանի եւ ԱՊՀ հետազոտական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը` մեկնաբանելով Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստի հայտարարությունը, թե Իրանը պատրաստ է առաջարկել ղարաբաղյան հակամարտության լուծում, եթե դա ցանկանան Հայաստանն ու Ադրբեջանը:

«Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչ լուծում կարող են առաջարկել իրանցիները: Սակայն դա իրենց իրավունքն է հանդես գալ տարածաշրջանային տերության դերում եւ փորձել միջամտել Հարավային Կովկասի գործընթացներին», - նշեց քաղաքագետը` ավելացնելով, որ այդ համատեքստում պետք է դիտարկել Մեհմանպարաստի խոսքերը, թե Իրանն ու Ռուսաստանը կարող են զգալի դեր խաղալ տարածաշրջանային հավասարակշռության պահպանման գործում:

«Դա նորություն չէ, այլ` Իրանի վաղեմի դիրքորոշումն է: Չնայած վերջին պատժամիջոցներին, Իրանը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ինչի հաշվին փորձում է տարածաշրջանում հակակշռել Արեւմուտքին: Թեհրանը հանդես է գալիս Nabucco գազամուղի շինարարության դեմ, նույն դիրքերից է հանդես գալիս նաեւ Կրեմլը: Թեհրանը Մոսկվայի նման դեմ է Հարավային Կովկասում Արեւմուտքի ռազմական ներկայությանը, ինչին ձգտում է Վրաստանի նախագահ Սահակաշվիլին` Վրաստանը տեսնելով ՆԱՏՕ-ում», - նշեց փորձագետը: