Մենք չենք կարող մեկ անվստահելի էներգետիկ գործընկերոջը մյուսի հետ փոխարինել։ Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ պատասխանելով ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցության մասին հարցին։

«Ես արդեն ասել եմ, որ հատկապես, հաշվի առնելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, մենք չենք կարող էներգետիկ ոլորտում մեկ անվստահելի գործընկերոջը փոխարինել մյուսի հետ։ Եվ սա այն դիրքորոշումն է, որին մենք շարունակում ենք հավատարիմ մնալ»,- նշեց նա։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների մասին՝ Մեցոլան նշել է, որ այս պահին անհրաժեշտ է կենտրոնանալ հումանիտար ճգնաժամի վրա, այլ կերպ ասած՝ հասկանալ, թե ինչպես օգնել Հայաստանին փախստականների հարցով։ «Տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները, քանի որ նրանք ստիպված են եղել դա անել: Բայց ես նաև ողջունում եմ դեէսկալացիայի բոլոր ջանքերը, և մենք հուսով ենք, որ դրանք կհանգեցնեն ավելի կոնկրետ բանի, քան մենք այս պահին ունենք», - ասել է նա: