Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրփաշը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ տարածաշրջանի երկրները եւ ժողովուրդները խոր պատմական եւ մշակութային կապեր ունեն միմյանց հետ, տեղեկացրել է Mehr-ը։

«Խաղաղությունը Հարավային Կովկասում մեծ հեռանկարներ կստեղծի տարածաշրջանի համար»,- ասել է նա։

Ալիեւն իր հերթին Բաքվի եւ Թեհրանի միջեւ բարեկամությունը եւ համագործակցությունն անվանել է կարեւոր գործոն տարածաշրջանի համար, գրել է իրանական ԶԼՄ-ն։

«Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է իր գործունեությունը տրանսպորտային միջանցքների ստեղծման ոլորտում՝ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ձեւով»,- ասել է Ալիեւը Բազրփաշի հետ հանդիպման ժամանակ։

«Ադրբեջանը «3+3» ձեւաչափի նախաձեռնողն է, եւ Բաքվի տեսակետից՝ այդ կառույցում իրականացված հանդիպումները դրական քայլ են»,- ավելացրել է նա։

Խոսելով ավտոճանապարհային կամրջի հիմնարկեքի եւ Ադրբեջանի ու Իրանի սահմանին ենթակառուցվածքի ստեղծման կարեւորության մասին՝ Ալիեւն ավելացրել է. «Այդ գործողությունները կնպաստեն մեր բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը»։

Նա նաեւ ավելացրել է, որ այդ նախագիծը «շատ կարեւոր է տարածաշրջանի համար եւ կծառայի ամբողջ տարածաշրջանում կայունությանը եւ համագործակցությանը»։