Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` հոկտեմբերի 19-ին, հանդիպել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի տնօրենների խորհրդի պատվիրակության հետ` Ժերոմ Բակոնինի, Կուրտ Բայերի, Օլե Բլոնդալի, Ջանլուկա Գրանդիի, Օլե Հովլանդի, Հերբերտ Յունկի, Յան Մաասի եւ Պեդրո Մորիոնիի մասնակցությամբ:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական բնագավառում տիրող վիճակը, առկա մարտահրավերներն ու զարգացման խոչընդոտները, ինչպես նաեւ դրանք հաղթահարելու` Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումներն ու պատկերացումները: Առաջին նախագահը մասնավորապես նշել է, որ տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտներն են ինչպես անբարենպաստ արտաքին գործոնները, այնպես էլ` երկրի ներսում տիրող համակարգային կոռուպցիան, մենաշնորհների առկայությունը, իրավական պաշտպանության հնարավորության բացակայությունը եւ ժողովրդավարական ազատությունների բացակայությունը:
Պատվիրակության անդամների խնդրանքով, նախագահ Տեր-Պետրոսյանն անդրադարձ է կատարել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:




























