Թբիլիսիի քաղաքային դատարանը 5 մեղադրյալների մեղավոր է ճանաչել Վրաստանից հայտնի վրացի նկարիչ Նիկո Պիրոսմանիի «Կախեթիի գինի» կտավն անօրինականորեն երկրից դուրս բերելու փորձի մեջ: Դատարանը նրանց դատապարտել է տարբեր պատժաչափերի», հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Դատարանի մամուլի ծառայության տվյալներով, Գայոզ Ջավախիշվիլին, Դավիթ Զիրակաշվիլին, Ալեքսանդր Պուրծխվանիձեն, Գելա Սանիկիձեն եւ Զուրաբ Դատուկիշվիլին փորձել են կտավն Ադրբեջանի տարածքով հասցնել Ռուսաստան եւ վաճառել կես մլն դոլարով:
Քանի որ մեղադրյալները համագործակցել են քննության հետ, նրանց պատիժը մեղմացվել է: 5 մեղադրյալներից երեքը պայմանական պատժաժամկետներ են ստացել, իսկ մյուս երկուսը դատապարտվել են մեկ տարի եւ կես տարի ազատազրկման:
«Կախեթիի գինի» կտավը ներկայումս գտնվում է Վրաստանի արվեստների ազգային թանգարանում:
Նիկո Պիրոսմանին ամենահայտնի վրացի նկարիչներից է` պրիմիտիվիզմի ներկայացուցիչ: Նա ստեղծագործել է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին:




























