Մահացել է Ֆրանսիայի 66-ամյա քաղաքացի Մարի Դեդը, որը Քենիայում գերի էր վերցվել Սոմալիի ծովահենների կողմից: Նրա մահվան փաստը հաստատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բեռնար Վելեռո: Տարվա մեծ մասը կինը անց է կացրել Քենիայի հյուսիս-արեւելյան առողջարանային Լամու արշիպելագում` ապրելով վարձու հյուղակում: Այս վայրից ոչ հեռու էր գտնվում Սոմալիի հետ սահմանը: Հոկտեմբերի սկզբին Սոմալիի ծովահենները առեւանգել են կնոջ եւ տարել իրենց բազա: Նրանց չի կանգնեցրել նույնիսկ այն, որ օտարերկրացին լուրջ խնդիրներ ուներ առողջության հետ եւ տեղաշարժվում էր սալյակով: Նրան, ի դեպ, ծովահենները թողել են հանցագործության վայրում, հաղորդել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Առեւանգումից անմիջապես հետո քենիական ոստիկանական ուժերը տագնապով ոտքի բարձրացվեցին, հետապնդման նետվեցին երկու նավեր եւ ուղղաթիռ: Բայց առեւանգվածի կյանքի ապահովության սպառնալիքի վախից, հարձակում տեղի չունեցավ: Արդյունքում, ծովահենները հանգիստ կարողացան հասնել իրենց կողմից հսկվող ափերը: Ինչպես հայտնում է քենիական ոստիկանությունը, ֆրանսուհու առեւանգության հետեւում կանգնած է Սոմալիի մահմեդականները` «Աշ-Շաբաբ» խմբավորումից: Ֆրանսիական իշխանությունները, քենիական իրենց գործընկերների հետ համատեղ, փորձում էին արդյունքի հասնել տարեց կնոջ ազատման բանակցություններում` գործընթացում ներգրավելով հարեւան գյուղի հարգված տարեցներին, սակայն դա էլ արդյունք չի տվել: Թե ինչ հանգամանքներում է վրա հասել մահը, դեռեւս անհայտ է, բայց, ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել անհրաժեշտ դեղորայքի բացակայության հետեւանքով: Ֆրանսիայում հույսեր են փայփայում, որ առեւանգողները գոնե կվերադարձնեն կնոջ դիակը, հաղորդել է NEWSru.com.-ը




























