Ղրղըզստանում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները։ Հայաստանը դրանց չի մասնակցում։
Ինչպես տեղեկացրել է Ղրղըզստանի պաշտպանության նախարարությունը, «Էդելվեյս» զորադաշտում տեղի է ունեցել համատեղ զորավարժությունների ակտիվ փուլի բացման հանդիսավոր արարողությունը։
Զորավարժությունների հիմնական նպատակը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վարչական մարմինների եւ անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումն է։ Միջոցառումներն ուղղված են նաեւ զորամասերի եւ ստորաբաժանումների համատեղ գործունեության կազմակերպման բարելավմանը։
Զորավարժությունների ընթացքում կկատարվեն հետհակամարտային կարգավորման առաջադրանքներ ճգնաժամային գոտում՝ խաղաղապահ գործողությունների իրականացում ուժի եւ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի միջոցների կիրառմամբ, հումանիտար օգնության ցուցաբերում։
Զորավարժություններին մասնակցում է մոտ 1,5 հազար զինծառայող Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից եւ Տաջիկստանից, ՀԱՊԿ Միավորված շտաբի եւ քարտուղարության օպերատիվ խմբերը։ Մասնակցում են նաեւ ավելի քան 200 միավոր հատուկ, զրահատանկային եւ մեքենայական տեխնիկա, ռազմատրանսպորտային կործանիրչեւ բանակային ավիացիա, անօդաչու ավիացիա եւ մարտանավակներ։





























