Ռուսաստանն արդեն փախստական արցախահայերի հումանիտար աջակցության շատ լուրջ ջանքեր է գործադրում, որոնք տեղափոխվել են, ես հասկանում եմ, շատ ծանր որոշման արդյունքում։ Այս մասին ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Նախ՝ հենց Ռուսաստանն է այն երկիրը, որը հումանիտար մատակարարումների ուղի է բացել արցախահայերի համար դեռ մինչեւ սեպտեմբերի 19-ի դեպքերը։ Ներկա պահին մոտ 200 տոննա պարեն եւ վառելիքաքսուքային նյութեր են հասցվել արցախահայերին ռուս խաղաղապահ զորակազմի կողմից։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն ստեղծել է օպերատիվ շտաբ Հայաստանի տարածքում, որի միջոցով իրականացվում է հումանիտար կարիքների մոնիթորինգ եւ անհապաղ հումանիտար օգնության ցուցաբերում. Գորիս է ուղարկվել մոտ 3 տոննա, Կապան՝ մոտ 1,5 տոննա։ Պատրաստ է մոտ 10 տոննա հումանիտար բեռ, ներառյալ մանկական սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր, տաք հագուստ, Դոկտոր Լիզայի ֆոնդի եւ ռուսական այլ պրոֆիլային կազմակերպությունների կողմից։  Մենք հույս ունենք, որ առաջիկայում այդ օգնությունը տեղ կհասցվի։

Մոտ 20 տոննա հումանիտար բեռներ մատակարարվել են Վոլգոգրադի մարզի վարչության կողմից։ Փախստականներին օգնության ցուցաբերմանն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ռուսական բիզնես-հանրույթը։ Հոկտեմբերի 1-ից «ՌԵՈւ ՓԲԸ-ն ապահովում է  անվճար փոխադրումներ Հայաստանի էլեկտրական գնացքներով հենց այդ կարգի քաղաքացիների համար։ «Գազպրոմը» ստանձնել է բնակարանով եւ կոմունալ ծախսերի վճարման ապահովումը ղարաբաղցի 600 ընտանիքների համար։

Մենք, բնականաբար, այսքանով չենք սահմանափավի, կշարունակենք այդ օգնությունը, կտեղեկացնենք, երբ պատրաստ լինենք։ Եվ անդրադառնալով ձեր հարցի առաջին մասին՝ կցանկանայի ասել, որ մենք ինչ-որ թվեր ի ցույց չենք դնում դոլարով կամ որեւէ այլ արժույթով։ Մենք ձգտում ենք բարիքը փողի չվերածել»,- ասել է նա։