Վրաստանը մտադրություն չունի միանալ ոչ ԱՊՀ տարածքում ստողված ազատ առեւտրային գոտուն, ոչ էլ Ռուսաստանի հովանավորությամբ ստեղծած Եվրասիայի միությանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը։
‹‹Բոլոր ինքնիշխան պետությունները իրավունք ունեն ստեղծելու տնտեսական կամ քաղաքական միություն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հովանավորությամբ ստեղծած Եվրասիական միությանը, ապա մենք նրանց հետ միավորվելու ոչ մի ցանկություն կամ ծրագիր չունենք››,-նշել է ԱԳ նախարարը, ընդգծելով, որ Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին եւ հենց այդ կազմակերպությունների արժեքներն են համապատասխանում Վրաստանին։
Հիշեցնենք, որ նախօրեին Պուտինը հրապարակել է «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր» հոդվածը: Պուտինն առաջարկում է ԱՊՀ երկրների հետ համագործակցության նոր ճարտարապետություն:
Ռուսաստանի վարչապետը հոդվածում հիշեցրել է, որ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանն առաջին փուլն արդեն անցել են: 2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում նաեւ Միացյալ տնտեսական տարածքի պայմանագիրը: Պուտինը նշել է, որ ՄՏՏ-ն առայժմ երեք պետությունների համար է, սակայն նախագիծը պատմական է նաեւ մյուս հետխորհրդային երկրների համար: Արդյունքում` բոլոր քաղաքացիները պետք է առանց սահմանափակումների կարողանան ընտրել ապրելու, կրթություն ստանալու եւ աշխատելու իրենց նախընտրած վայրը:



























