Հռոմի ստատուտի` ՀՀ իշխանությունների կողմից վավերացման նպատակն է, որպեսզի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատասխանատվության ենթարկվի Միջազգային քրեական դատարանում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ վերջին զարգացումների լույսի ներքո դրական է գնահատում Հռոմի ստատուտի ընդունումը:
«Վավերացմամբ մենք նաև հետադարձություն ենք տվել ու ճանաչել ենք ստատուտի իրավազորությունը 2021 թ. մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք։ 2021 և 2022 թթ. Ադրբեջանի կողմից կատարվել են լրջագույն պատերազմական հանցագործություններ, սակայն դրանք չեն ունեցել մասշտաբայնություն, որը կարող էր հետաքրքրական դարձնել միջադեպը Միջազգային քրեական դատարանի համար։ Մենք ունենք իրավիճակի փոփոխություն 2023-ից, երբ արդեն 100 հազարից ավելի հայեր ենթարկվել են Արցախից բռնի դեպորտացիայի, որն ինքնին միջազգային հանցագործություն է»,– ասաց նա:
Սիրանուշ Սահակյանի կարծիքով միջազգային քրեական դատարանը կարող է դառնալ գործող մեխանիզմ. «հետեւյալ վերապահումը ունեմ, որ միջազգային քրեական դատարանը երբեք գործնականորեն չի պաշտպանել զոհերին, եթե բացակայել են քաղաքական նախադրյալները: Այս ծանրաքարշ մեխանիզմի գործարկման նպատակով եւս անհրաժեշտ են քաղաքական նախադրյալներ, և եթե դրանք չհասունացվեն, մենք կունենանք թղթի վրա վավերացում, սակայն չենք օգտվի լիարժեք պաշտպանությունից»,-ասաց նա:
Սիրանուշ Սահակյանը նկատեց, որ Ադրբեջանն այս պահին ևս մտահոգված է. «Միջազգային քրեական դատարանը որոշակի սպառնալիք ներկայացնում է նրա համար։ Եթե դա համադրենք նաև արևմտյան երկրների հայտարարությունների հետ, որ Արցախում կա էթնիկ զտում, և չէին բացառել ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի ներքո արարքների որակում, ապա կարող ենք հասնել նախադրյալների ձևավորման, և Միջազգային քրեական դատարանը գործի կդրվի»,– ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը։
Հիշեցնենք` Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
ՀՀ սահմանադրական դատարանը 2023 թ. մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։ Նա ընդգծեց, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։
ՀՀ ԱԺ–ն հոկտեմբերի 3–ին վավերացրեց Հռոմի ստատուտը։





























