Այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված շուրջ 52 հազար 600 անձ արդեն ստացել են 100 հազարական դրամները։ Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ ավելի քան 100 հազար տեղահանվածներից 26 հազար 963-ը անչափահաս են, նրանցից 17 հազար 139 անչափահասի համար դիմում է ստացվել, որից 306-ը մերժվել է։

«Մերժման համար հիմք է այն հանգամանքը, որ երեխան կամ մայրը չեն տեղահանվել սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ։ Մեր ծրագրի գլխավոր թիրախը սեպտեմբերի 24-ից հետո տեղահանվածներն են: Լինում են դեպքեր,  որ մարդիկ հաշվառվում են որպես սեպտեմբերի 24-ից հետո տեղահանված, բայց նրանք տեղափովել են Հայաստան շատ ավելի վաղ ժամանակում։

Պատճառ կարող է հանդիսանալ նաև  երկրից բացակայելու հանգամանքը։ Մեր ծրագրի պայմաններից է, որ տվյալ պահին շահառուն գտնվի Հայաստանում։

Կարող է նաև տվյալների բազայի հետ որոշակի անմապատասախանություն լինի»,- ասաց Դ. Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանվածների միանվագ 100-հազարական դրամ ստանալու ծրագիրը։