Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն խուզարկություններ է սկսել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բոլոր մասնաճյուղերում։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին «ՀԷՑ» մամուլի դեպարտամենտից, այսօր՝ հոկտեմբերի 19-ին ՊԵԿ-ի քննչական վարչության աշխատակիցները խուզարկություններ են սկսել «ՀԷՑ»-ի բոլոր մասնաճյուղերում, որի ընթացքում առգրավվել են կարեւոր փաստաթղթեր։

Խուզարկությունը սկսվել է հարկային ստուգման արդյուքնում հարուցված քրեական գործի շրջանակում։ ՊԵԿ-ը համոզված է, որ «ՀԷՑ»-ը պետական բյուջե չի վճարել շահութահարկի, եկամտահարկի, ավելացրած արժեքի հարկի եւ պարտադիր սոցվճարների մի մասը։ Ամբողջական գումարը կազմում է մոտ 1,9 մլրդ դրամ։

Հաղորդագրությունում նշված է, որ այս կապակցությամբ «ՀԷՑ»-ը բողոք է ներկայացրել ՊԵԿ-ի վերաքննիչ հանձնաժողով։

«Լինելով խոշորագույն հարկ վճարող, աշխատատեղեր ապահովող եւ արտասահմանյան ներդրումներ կատարող ընկերություններից մեկը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ակնկալում է, որ քննության ընթացքում կպահպանվեն ընթացակարգային բոլոր նորմերը եւ իրավիճակին օբյեկտիվ լուծում կտրվի։ Ընկերությունը իր առաջնահերթ խնդիրներից է համարում բաց եւ թափանցիկ գործունեության ծավալումը, եւ երկար ժամանակ աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաեւ հաստատում է քննությանը ամեն կերպ աջակցելու իր պատրաստակամությունը։ Հանրապետության սպառողներին բնականոն էլեկտրաէներգիայի մատակարարման եւ Հայաստանի էներգահամակարգի ֆունցիոնալությանը չարդարացված վնաս պատճառելը կանխելու համար, ՀԷՑ-ը կոչ է անում ՊԵԿ-ին քննության ընթացքում առավելագույն ուշադրություն դրսեւորել»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ խուզարկության ժամանակ առգրավվել են այնպիսի փաստաթղթեր, որոնք կարեւոր են ընկերության բնականոն աշխատանքի համար։ Այս հանգամանքը կարող է բացասաբար ազդել ՀԷՑ-ի ձմեռային սեզոնի պատրաստությունների եւ սարքավորումների բնականոն աշխատանքի վրա։