Արցախից տեղահանված և Երևանում հաշվառված երեխաները Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ կհաճախեն անվճար հիմունքներով։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը՝ հղում կատարելով դեռևս 2021թ․ մարտին ընդունված ավագանու որոշմանը, որով Արցախից տեղահանված երեխաների համար տեղական վճարի նկատմամբ արտոնություն էր սահմանվել։

Խաչատրյանի խոսքով՝ Արցախից տեղահանված ընտանիքների երեխաների ընդունելությունը կազմակերպվում է ընդհանուր հիմունքներով։ Այսինքն երևանաբնակ մյուս երեխաների պես Արցախից տեղահանված երեխաներին նույնպես պետք է ծնողները պետք է նախապես հերթագրեն և սպասեն ընդունելությանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ ուսումնական տարին մեկնարկել է և մանկապարտեզներում խմբերը ձևավորվել են, ներկայումս Երևանում գործող մանկապարտեզներում հազվադեպ հնարավոր է թափուր տեղեր գտնել, այսինքն այս պահին գրեթե բոլոր մանկապարտեզներոմ տեղերը սպառված են»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ տեղահանված ընտանիքների երեխաները ևս կարող են օգտվել արտահերթությունից։ 

 Նշենք, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝  առաջնահերթության իրավունքից ներկայումս օգտվում են 8 խումբ երեխաներ՝ այդ թվում՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի (ծնողների) երեխաները, երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաները, զոհված զինծառայողի երեխան, քույրը, եղբայրը, երկկողմանի ծնողազուրկ երեխաները, ՀՀ ԶՈՒ զինվորական ծառայություն անցնող զինծառայող ծնողի երեխաները, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, տվյալ ուսումնական հաստատությունում ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաները, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատության աշխատակիցների երեխաները:

Երևանի քաղաքապետարնի «Մանկապարտեզ» կառավարման համակարգի տվյալներով՝ այս պահի դրությամբ Երևանում գործող 162 մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվը 26354 է, իսկ 8498 երեխա սպասում է ընդունելության իր հերթին։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ նախքան 2023թ․ պատերազմն ու հայաթափումը, Արցախում գործում էր 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ։ Մինչև տեղահանումը,  Արցախում նախադպրոցական տարիքի երեխաների թիվը գերազանցում էր 4000-ը։