Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուկրաինական ինքնաթիռի կործանման շուրջ բանակցությունները էական արդյունք չեն տվել, քանի որ որոշ պետություններ խոչընդոտում են ուկրաինական ինքնաթիռի վթարի կարգավորման գործին, գրում է Mehr-ը։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի հայտարարություն է տարածել՝ քննադատելով «կոնկրետ կառավարության» քաղաքական միջամտությունը, որի պատճառով Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Շվեդիան անտեսել են Իրանի դիվանագիտական ջանքերը։
«Իրանական պատվիրակությունը մտադիր էր մյուս կողմին տրամադրել համապարփակ զեկույց իր գործողությունների մասին՝ բարի կամք և թափանցիկություն դրսևորելու համար, սակայն զեկույցը չներկայացվեց ֆունկցիոնալ բանակցություններ վարելու մյուս կողմի համագործակցության բացակայության հետևանքով»,- նշել է Իրանի ԱԳՆ-ն։
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Իրանը միջազգային կանոններով սահմանված վերջնաժամկետից շուտ հրապարակել է միջադեպի վերաբերյալ տեխնիկական զեկույց՝ համապատասխան պետությունների մասնակցությամբ։ «Բացի այդ, ի նշան զոհվածների ընտանիքներին կարեկցանքի, Իրանը յուրաքանչյուր զոհի համար հատկացրել է 150 հազար դոլար»,- ասվում է հայտարարության մեջ։
Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է բանակցությունները շարունակելու իր պատրաստակամությունը՝ «վճռականորեն հակադրվելով թշնամական դիրքորոշումներին ու անհիմն մեղադրանքներին»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 8-ին Ուկրաինայի միջազգային ավիաուղիների PS752 չվերթը, որն ուղեւորվում էր Կիև, թռիչքից րոպեներ անց վթարի էր ենթարկվել Իրանի մայրաքաղաքի մոտ, ինչի հետևանքով զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր 176 մարդիկ:
Ինքնաթիռը խոցվել էր իրանական հակաօդային պաշտպանության կողմից, որը այն շփոթել էր որպես ռազմական թիրախ՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածության ֆոնին մի քանի օր առաջ Իրաքում գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո:
Օրեր անց Իրանը հայտարարեց, որ կործանման պատճառ է դարձել իր օպերատորի կողմից հակաօդային պաշտպանության ստորաբաժանման ռադիոլոկացիոն համակարգի սխալ կառավարումը:





























