«Հենց երեկ՝ նույն նիստի ընթացքում Վացլավ Հավելի մրցանակը շնորհեցինք թուրք քաղբանտարկյալ Օսման Քավալային՝ ընդունելով մարդու իրավունքների ոտնահարումների փաստը Թուրքիայում, և միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ի նոր փոխնախագահ ընտրեցինք Թուրքիայից՝ ըստ էության խրախուսելով վերջինիս ներկայիս քաղաքականությունը»:  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում  նման դիտարկում է արել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը՝ դիմելով ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչին:

Արմեն Գևորգյանն այնուհետև Ադրբեջանի կողմից Արցախի  քաղաքական և պետական ղեկավարներին ձերբակալման փաստի հետ կապված  հարց է ուղղել նրան: «Անշուշտ տեղյակ եք, որ Ադրբեջանը, ի շարունակություն իր ցեղասպան քաղաքականության,  վերջերս գերի է վերցրել Լեռնային Ղարաբաղի հայ քաղաքական և պետական ղեկավարներին այնպես, ինչպես թուրքերն արեցին 108 տարի առաջ՝ առաջին Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հաշվի առնելով Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վատթար իրավիճակը, ի՞նչ եք պատրաստվում անել, թե՞ ապագայում նոր մրցանակներ ենք շնորհելու»,-հարցադրում է արել Գևորգյանը։