Եթե մենք վերցնենք այդ խայծը եւ ասենք, որ քանի որ Արցախն արդեն հայաթափվել է, հետեւապես իմաստ  չունի նրա իրավունքների համար պայքարել, հասարակության շրջանում այդ պահանջը չի գեներացվի: Այ մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը: 

«Հետևաբար, այսօր այստեղ հավաքվելով մենք ցանկանում ենք մշտապես հանրային պահանջը վառ պահել Արցախի հարցով։ Ադրբեջանցիներն իրենց պահանջից երբեք չհրաժարվեցին և չասացին՝ քանի որ Կովսականն ադրբեջանցիներից դատարկված է, այդ հարցին չեն անդրադառնա։ Այդ պհանջը իրենք պահեցին եւ, ի վերջո, կարողացան ինչ-որ մի ժամանակում, երբ տարածաշրջանում իրավիճակ փոխվեց, կարողացան այդ հարցը գեներացնել», - ասաց նա։

Մենուա Սողոմոնյանը անդրադարձավ նաեւ հայաստանի վեկտորի փոփոխության թեմային. «Այսօր ասում են՝ նոր մարդ ենք բերում մեր տարածաշրջան: Այդ նոր մարդուն փշերով են ընդունում տարածաշրջանում զորքով ներկայացված տերությունները: Սա  նպաստո՞ւմ է Արցախի հարցի կարգավորմանը, առհասարակ Հայաստանի անվտանգությանը: Ոչ, չի նպաստում: Հետեւաբար խելացի քաղաքականությունը պետք է զուգակցել իրավական մեխանիզմների հետ, որպեսզի հնարավոր լինի հասնել արդյունքի: Միայն իրավական մեխանիզմներով հնարավոր չէ, միջազգային իրավունքն աշխատում է միայն այն դեպքում, երբ դու կարողանում ես հողի վրա փաստի առաջ կանգնեցնել միջազգային հանրությանը, եւ միջազգային իրավունքի նորմերով դա հիմնավորել: Իսկ այդ նորմերն առկա են: 

Խնդիրն այն է, թե այդ մեխանիզմներն ով է գործադրողը, այդ գործադրողն ունի կամ, թե չէ, եւ առկա է դրա համար բարենպաստ միջազգային իրողություն»,-ասաց Սողոմոնյանը:

Նա արձանագրեց, որ այս պահին բարենպաստ միջազգային իրողություն այս պահին չկա. «Բայց երբ մենք ներսից այդ իմպուլսները չենք հաղորդում մեր պետությանը, այդ իրողությունները երբեք էլ չեն չեն լինելու: Մենք ինքներս պետք է փորձենք ինչ-որ խաղաքարտեր խառնել: Ինչպես վատ դասավորվել է աշխարհաքաղաքական ռասկլադը մեզ համար, այնպես էլ կարող է լավ դասավորվել, բեւեռայնության ձեւը փոխվել ինչ-որ մի գործորդի համար»: