Ադրբեջանը դժգոհ է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցից: Ադրբեջանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով այս հարցազրույցը, հայտարարել է, որ «հայկական կողմը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից և խեղաթյուրված մեկնաբանություններից»։

Հարցազրույցում Փաշինյանը ասել է, որ Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղի հարցը՝ հավելելով, որ Հայաստանն էլ ունի 8 գյուղի խնդիր։ «Տավուշի մարզում կան Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար գյուղերը, ինչպես նաև այլ տարածքներ։ Մենք այս հարցի լուծումն առաջարկել ենք դեռ 2021 թվականին և ասել՝ եկեք որոշենք, թե ինչ է սահմանազատման քարտեզը և հայելային զորքերը դուրս բերենք այս սահմանագծից»,- ասաց Փաշինյանը։

Բաքուն «բացարձակ սուտ» է անվանել Փաշինյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը օկուպացրել է հայկական որոշ գյուղեր։ «Սրանով Երեւանը ցանկանում է արդարացնել ադրբեջանական 8 գյուղերի օկուպացումը։ «Հայաստանը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, օկուպացրել է Ադրբեջանի 8 գյուղ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Ինչ վերաբերում է սահմանազատմանը, Փաշինյանը խոսել է 1975 թվականի քարտեզները հիմք ընդունելու մասին: Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ 1975 թվականի քարտեզը, որին հղում է անում Հայաստանը, «չկա»։ «Ընդհանուր առմամբ, ինչպես ցույց է տալիս փորձը, սահմանազատման գործընթացն իրականացվում է ոչ միայն քարտեզների հիման վրա։ Եվ որպեսզի այդ քարտեզներին հղում կատարվեն, դրանք պետք է հիմնված լինեն միջազգային իրավական փաստաթղթերի վրա, այդ թվում՝ երկու երկրների կողմից այս կամ այն ​​կերպ վավերացված փաստաթղթերի վրա։ Հայաստանը, ելնելով իր տարածքային նկրտումներից, դեռևս չի սահմանազատել իր սահմանները հարևաններից որևէ մեկի հետ, և այն պնդումը, որ սահմանազատումը պետք է իրականացվի միայն մեկ քարտեզի հիման վրա, ինչպես պնդում է Հայաստանը, հակասում է որևէ տրամաբանության»,- ասված է հայտարարության մեջ։