Ադրբեջանը պատրաստ է Եվրամիության հետ եռակողմ ձևաչափով բանակցություններին, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը ֆրանսիական Radio France-ին տված հարցազրույցում։

Ըստ նրա, Ադրբեջանը ցանկանում է վերսկսել բանակցությունները Հայաստանի հետ՝ խաղաղության հասնելու համար։

«Իհարկե, եթե Հայաստանը հարձակվի մեզ վրա, մենք ձեռքներս ծալած չենք նստի։ Բայց ես չեմ հավատում, որ դա բխում է Հայաստանի շահերից։ Մենք պետք է վերադառնանք բանակցությունների ուղի և օգտվենք խաղաղությանը նպաստելու ԵՄ ցանկությունից։ Պետք է խոսել սահմանազատման և հաղորդակցության գծերի մասին։ Սրա վրա պետք է ուշադրություն դարձնել։ Հայաստանը, որը հայտարարել է Ադրբեջանի հետ բանակցելու պատրաստակամության մասին, բայց միաժամանակ բոլոր ճակատներով դիվանագիտական ​​պատերազմ է մղում, երկակի խաղ է խաղում։ Եթե ​​Հայաստանը միանա խաղաղության և կայունության հաստատման մեր ջանքերին, մենք լիովին պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ։ Շառլ Միշելը լավ աշխատանք է կատարել որպես Եվրոպական խորհրդի նախագահ՝ օգնելով վերսկսել բանակցությունները: Ադրբեջանը պատրաստ է Եվրամիության հետ եռակողմ ձևաչափով բանակցությունների։ Մենք վերջ ենք տալու գրեթե երեսուն տարի շարունակվող թշնամությանը։ Հայաստանի պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, լիովին անհիմն են։ Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես աշխարհի բոլոր մյուս երկրներինը»,- ասել է Ամիրբեկովը։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ Բաքվի կողմից արցախահայության դեմ սանձազերծված ագրեսիայից հետո «երկխոսություն է սկսվել Ադրբեջանի կենտրոնական իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչների միջև»։

«Տասը օրվա ընթացքում երեք հանդիպում ենք անցկացրել։ Մենք փորձել ենք ներկայացնել մեր տեսակետը նրանց սոցիալական, տնտեսական, քաղաքական, մարդասիրական և կրոնական իրավունքների վերաբերյալ։ Սա հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի կառավարությունը նպատակ չունի այդ մարդկանց զրկել իրավունքներից։ Սակայն ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու համար նրանք պետք է իմանան, որ իշխանությունը պատկանում է Ադրբեջանին։ Նրանք պետք է ճանաչեն մեր երկրի ինքնիշխանությունը»,- ասել է Ամիրբեկովը։