Այս փուլում կարողացել ենք խնդիրները լուծել, բայց մենք միջազգային օգնության, այդ թվում ֆինանսական աջակցության կարիք ունենք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր միջազգային մեր գործընկերների հետ խոսելիս, նրանք արդեն պատրաստակամություն են հայտնել աջակցել բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար Հայաստանին: Ցավոք, մարդկության պատմությունը ցույց է տվել, որ նման իրավիճակներում չարաշահումները շատ են լինում: Ես հատուկ մեր համագործակցության հիմքում դնում եմ պրոցեսի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, հետագծելիությունը, որպեսզի ոչ մի դոնորի մոտ, ոչ մի հայաստանյան հարկատուի մոտ որեւէ կասկած չառաջանա, թե այդ գումարն ուր գնաց: Իսկ կասկածի դեպքում, մեր վերահսկողական մարմինները պետք է վերահսկողություն իրականացնեն պրոցեսի վրա»,-ասաց նա:
Փաշինյանը նաեւ նկատեց, որ շատ երկար ժամանակ մեր ընդդիմախոսները եւ չարախոսները անընդհատ ասում էին՝ էս կառավարությունը կառավարչական հմտություններ չունի, չի կարողանում պրոցեսները կառավարել եւ այլն:
«Պետք է արձանագրեմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերներից ստացվող առաջին ազդակը այս իրադրության մեջ, հետեւյալն է, որ ասում են՝ մենք զարմացած ենք, թե ինչպես կարող է այդպես պատահել, որ երեք օրում երկիր մտնի 100 հազար բռնի տեղահանված, ըստ էության, փախստական, եւ կառավարությունն ի վիճակի լինի նրանց առնվազն կարճաժամկետ կարիքները հոգալ, նաեւ միջնաժամկետ կարիքները հոգալ: Իրենք ասում են, որ չեն հիշում նման նախադեպ, որ որեւէ երկիր մտնի 100 հազար բռնի տեղահանված եւ այդ երկրի փողոցներում քայլելիս այդ երեւույթը որպես հումանիտար ճգնաժամ չնկատվի»,-ասաց վարչապետը:





























