Բարձագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մամուլի ասուլիսում ներկայացրել է մանրամասներ Կառավարության նիստի ժամանակ ընդունված որոշման մասին, որը վերաբերել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգի հաստատմանը:

Այսպիսով՝ կրթաթոշակով կապահովվեն բռնի տեղահանված այն ուսանողները, որոնք տեղահանվելուց առաջ սովորում էին Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում:

Կրթաթոշակը նախատեսված է այն ուսանողների համար, որոնք կտեղափոխվեն համապատասխան մասնագիտությամբ պետական ուսումնական հաստատություններ:

Հայոցյանը բացատրեց, որ տրամադրվող կրթաթոշակի չափերը հաշվարկելիս վերցվել են տարբեր բուհերում բոլոր մասնագիտություններով հաստատված վարձավճարների չափերը և հաշվարկել են դրանց միջին արժեքը:

«Որոշ պարագաներում տվյալ վարձը կբավարարի ամբողջապես ուսման վճարը հոգալու համար, իսկ որոշ դեպքերում կարող է կարիք առաջանալ հավելյալ գումար ավելացնելու»,-հայտարարեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը:

Նրա խոսքով՝ որոշմամբ բռնագաղթածների համար չեն գործի օրենքով ամրագրված տեղափոխման սահմանափակումները որոնք վերաբերում էին առաջին և վերջին կուրսերում տեղափոխման արգելքներին:

Սարգիս Հայոցյանը հայտնեց, որ սահմանվում է նաև կրեդիտների լրացման ճկուն ժամկետներ և հնարավորություն է տրվում փաստաթղթավորման գործընթացն իրականացնել ուսումնական պրոցեսում ներգրավվելուն զուգընթաց:

«Որոշմամբ փոխհատուցվելու է 2023-24թթ. ուսումնական տարվա վարձավճարները, իսկ հետագա փոփոխություններով կխրախուսվի գերազանցությամբ ուսուցումը»,-սաց կոմիտեի նախագահը: