Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Ռուսական էներգետիկ շաբաթվա շրջանակում գնահատական է տվել Թուրքիայում ստեղծվելիք գազային հաբին Anadolu թուրքական ԶԼՄ-ին։ Շաբաթն անցկացվում է Մոսկվայում։

«Դա նախագիծ է,  որի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը։ Կան նաեւ այլ մասնակիցներ։ Օրինակ, Ադրբեջանը նույնպես պատրաստ է մասնակցել նախագծին»,- ասել է Նովակը։

«Մենք կարծում ենք, որ այլ երկրներ եւս կարող են մասնակցել որպես գազի մատակարարներ, որովհետեւ նպատակահարմար կլիներ ստեղծել էլեկտրոնային առեւտրային հարթակ Եվրոպայի եւ հատկապես Հարավարեւելյան Եվրոպայի համար, որպեսզի սահմանվեն գազի գները՝ կախված այն ծավալներից, որոնք այնտեղ կվաճառվեն»,- ասել է նա։

«Գազպրոմի» եւ BOTAŞ-ի հետ պատրաստվել է ճանապարհային քարտեզ, եւ ներկայում միջոցներ են ձեռնարկվում։ «Հուսով եմ, որ այն կստորագրվի առաջիկայում, ինչը թույլ կտա մեզ առաջ գնալ նախագծի իրականացման գործում»,- ավելացրել է Ռուսաստանի փոխվարչապետը։