Արցախից բռնի տեղահանված ժողովրդի վիճակը ավելի քան ահավոր է, քան կարելի է պատկերացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նշելով, որ ինքը շրջում է մարզերում, փորձում օգնել սոցիալապես ավելի խոցելի տեղահանված արցախցի ընտանիքներին:
«Ես հիմա փորձում եմ այդ ընտանիքներին գտնել, օգնել, որովհետեւ եթե այսպես շարունակվեց կարճ ժամանակ հետո մուրացիկների խմբեր ենք մենք ունենալու Հայաստանում: Ես տեսնում եմ, որ տարբեր օգնություններ են տրամադրվում, բայց անընդհատ սննդով կամ գումարով օգնելու դեպքում հնարավոր չէ մարդկանց այդ վիճակից հանել, որպեսզի իրենք զգան իրականում իրենց հայրենիքում: Ես փորձում եմ մարդկանցից ճշտել ինչ կարող են աշխատել, փորձում եմ հասկանալ՝ որտեղ կարող են աշխատել: Այսինքն փորձում եմ աշխատել այն ուղղությամբ, որ մարդիկ նորից կարողանան արարել մեր հայրենիքում»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ օգնության շատ կարիք ունեցող ընտանիքները շատ ժամանակ դուրս են մնում ուշադրությունից:
«Պետք է գնալ, տեղում տեսնել, որովհետեւ նստել, ինչ-որ ցուցակներից օգտվելը խելամիտ չէ, որովհետեւ կան խոցելի ընտանիքներ, որոնք նախաձեռնող չեն, խեղճ են եւ պետք է նրանց հայտանբերել ուղղակի»,-ասաց նա:
Հակոբյանը նշեց, որ մարդկանց հոգեբանական վիճակը շատ ծանր է, ինքը նաեւ հոգեբանների հետ է այցելում, Արցախի «էմպատիա» սոցիալ-հոգեբանական կենտրոնի աշխատակիցների հետ, եւ անասելի մեծ է հոգեբանական աջակցության կարիք ունեցողների քանակը:
«Մարդիկ պետք է չհուսահատվեն, պետք է հասկանան, որ իրենք այստեղ էլ իրենց հայրենիքում են, պետք է հույսը չկորցնել, պետք է տեսլականը ունենալ, որ պետք է վերադառնանք, բայց նաեւ պետք է իրականաությանը առերեսվել, արարել այս իրականության մեջ, որ կարողանանք խոսել հետ վերադարձից»,- ասաց նա:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ի լայնածավալ հարձակումից հետո եւ մեկօրյա ռազմական գործողություններից հետո Արցախն ամբողջապես հայաթափվեց: Արցախի Հանրապետության նախագահը ստորագրեց հրամանագիր Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին:





























