Թեհրանը հերքել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, թե իբր համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի տարածքում, Իրանի սահմանից 540 կմ հեռավորության վրա ԵվրոՀՀՊ-ի ռադարներ տեղակայելու շուրջ:

«Իրանն այդ հարցում հստակ դիրքորոշում ունի եւ մենք շարունակում ենք քննարկել այդ հարցը մեր թուրք գործընկերների հետ»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռամին Մեհմանփարասթը, հաղորդում է IRNA-ն:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի ղեկավարությանը, որ վերջինս թույլ է տվել իր տարածքում ՆԱՏՕ-ի վաղ արձագանքման ռադիոլոկացիոն կայան տեղակայել:

Իրանի նախագահը հոկտեմբերի սկզբին հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ այդ ռադարը Իսրայելին պաշտպանելու համար է` Իրանի հետ հնարավոր պատերազմի դեպքում:

Նշենք, որ Թուրքիայի տարածքում ԵվրոՀՀՊ համակարգի ռադիոտեղորոշիչ համակարգի տեղակայման մասին հռչակագիրը ստորագրվել է սեպտեմբերի 14-ին: Համաձայնությունը կնքվել էր անցած տարի Լիսաբոնում: Նախատեսվում է կայանը տեղակայել Մալաթիա նահանգի Քյուրեջիկ շրջանում, որը Իրանի սահմանից 540 կմ հեռավորության վրա է: