Ներկայումս մեզ համար առաջնայինն Արցախից տեղահանված ուսանողների կրթության իրավունքը վերականգնելն է, հայաստանյան բուհերում  նրանց ուսուցումն ըստ մասնագիտությունների կազմակերպելը, իսկ թե ինչ կլինի Արցախի պետական համալսարանի հետագա ճակատագիրը, դեռևս հայտնի չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը։

«Ես ամենօրյա կապի մեջ եմ ԱՀ կրթության, գիտության  նախարարի և հայաստանյան բուհերի ղեկավարների հետ: Մեր ուսանողները ներկայումս կցագրվում են այլ բուհերի, առայժմ՝ առանց որևէ փաստաթղթի, նստում են դասերի՝ առանց անուն-ազգանունները մատյաններում գրանցելու, որպեսզի իրենց կրթության իրավունքը չխախտվի: Եթե այս ամիս չհասցնենք նրանց տեղավորել հայաստանյան բուհերում, ապա ուսանողները ստիպված կլինեն մեկ տարի կորցնել»,-պարզաբանեց ռեկտորը:

Արմեն Սարգսյանը նշեց, որ Արցախի պետական համալսարանի հնարավոր վերագործարկման հարցով դեռևս չի հաջողվում հանդիպել Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:

«Առայժմ սպասում եմ նախարարի հետ հանդիպմանը: Արցախի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում շարունակելու համար պետք է կառավարության որոշում լինի: Եթե որոշումը չեղավ, չենք կարող համապատասխան հավատարմագրում անցնել, լիցենզիա ստանալ, հետևաբար չենք կարող նաև շրջանավարտներին դիպլոմներ տրամադրել»,-ասաց Սարգսյանը՝ նկատելով, որ այդ գործընթացը հնարավոր է առնվազն երկու տարի տևի:

«Մենք չենք կարող  1600 ուսանողի մեկ-երկու  տարի սպասեցնել, մինչև փաստաթղթերը պատրաստենք, նոր բուհ հիմնենք, սա շատ բարդ և ժամանակատար գործընթաց է, իսկ եթե մասնավոր բուհի կարգավիճակով մեր գործունեությունը շարունակենք, հարց է, արդյո՞ք Արցախից տեղահանված ուսանողներն ի վիճակի կլինեն ուսման վարձ վճարել և այլն»,-ասաց Սարգսյանը:

Արցախի պետական համալսարանի ռեկտորը նաև հայտնեց, որ այսօր հանդիպել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ և վերջինս իրեն տեղեկացրել է, որ  հնարավոր է այլևս ֆինանսավորում չլինի և Արցախի կրթության ոլորտի աշխատողները հոկտեմբերից կրճատվեն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար բռնազավթման  և Արցախի հայաթափումից հետո Արցախի պետական համալսարանը, որպես առանձին հաստատություն ՀՀ-ում պահպանելու նախաձեռնությամբ են հանդես եկել բազմաթիվ հեղինակավոր գործիչներ, գիտնականներ, դասախոսներ: Նախօրեին էլ Արցախի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահն ու համալսարանի ուսանողական խորհրդի նախագահն են հայտարարություն տարածել՝ պահանջելով Հայաստանում բացել Արցախի մայր բուհն ու վերականգնել բուհի ուսանողների՝ ԱրՊՀ-ում կրթություն ստանալու իրավունքը: