Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսը հոկտեմբերի 20-ին Երեւանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վերահաստատում է ԱՄՆ-ի հանձնառությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ղարաբաղյան հակամարտության կողմերին տեւական եւ խաղաղ լուծմանն աջակցելու հարցում:
«Մենք բարձր ենք գնահատում նաեւ Հայաստանի հանձնառությունը` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Մենք պաշտպանում ենք նաեւ հայ-թուրքական արձանագրությունները եւ հույս ունենք, որ դրանք կվավերացվեն երկու երկրների կողմից», - ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ`Բըրնսը հայտարարել է, թե պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում սա իր առաջին այցերից մեկն է, ինչը բնութագրում է նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղարի եւ Միացյալ Նահանգների ողջ կառավարության վերաբերմունքը Հայաստանի հետ հարաբերությունների եւ առաջիկայում դրանց խորացման հարցում: «Մենք ընդհանուր նպատակներ ունենք տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների խորացման ոլորտներում», - ասել է առաջին փոխպետքարտուղարը` հույս հայտնելով, որ գալիք ժամանակաշրջանում երկու երկրների հարաբերությունները ծաղկում կապրեն:Պետքարտուղարի տեղակալը տեղեկացրել է, որ նախօրեին արդյունավետ եւ հետաքրքիր հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: «Իսկ այսօր, ես հանդիպում ունեցա նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության գործի նվիրյալ առաջնորդների հետ», - ասել է Ուիլյամ Բըրնսը:
Պետքարտուղարի առաջին տեղակալը նշել է, որ իր հանդիպումների ընթացքում քննարկել է տնտեսական գործընկերության, անվտանգության ու կայունության, ինչպես նաեւ բաց եւ համակողմանի քաղաքական գործընթացների ամրապնդման հնարավորությունները: Բըրնսի խոսքով` ԱՄՆ-ը բարձր է գնահատում նաեւ Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղարար ուժերի կազմում` Կոսովոյում եւ Աֆղանստանում: «Մենք մեծապես գնահատում ենք հայկական ստորաբաժանման թվակազմի ավելացումը Աֆղանստանում», - հատուկ ընդգծեց փոխպետքարտուղար Բըրնսը: Անդրադառնալով տնտեսությանն առնչվող հարցերին` Բըրնսը նշել է. «Փաստ է, որ կոռուպցիան խոչընդոտում է տնտեսությանն զարգացմանը: Մենք շարունակում ենք հանձնառու մնալ Հայաստանի հետ այս ոլորտում աշխատելու եւ բարեփոխումներին նպաստելու հարցում: Մասնավորապես, մենք Հայաստանին քաջալերում ենք բիզնես միջավայրը բարելավելու հարցում, ինչը կհանգեցնի մեր երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումների ծավալների մեծացմանը»: Բըրնսը ասել է, որ իր հայաստանյան հանդիպումների ընթացքում քննարկել է նաեւ Հայաստանի առաջիկա ընտրությունների հետ կապված հարցեր: «Մենք քննարկեցինք առաջիկայում ազատ եւ արդարացի ընտրությունների ապահովման հետ կապված հարցեր: Սա չի վերաբերում միայն քվեարկության օրը տեղի ունենալիք իրադարձություններին, այլ վերաբերում է այն ամենին, ինչը տեղի է ունենալու ժողովրդավարական գործընթացների լայն համատեքստում»,-նշել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը:




























