Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 20-ին, ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող եվրոպական եւ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների եւ փորձագետների պատվիրակությանը: Այցը կազմակերպվել է «Գերմանական Մարշալ հիմնադրամի»` «Տարածաշրջանային համագործակցության սեւծովյան հիմնադրամի» եւ «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի համագործակցության արդյունքում:

Հանդիպման ընթացքում Հանրապետության ղեկավարը պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադարձ է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մինչ այժմ գործադրված ջանքերին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, երկրի զարգացման գործում քաղաքացիական հասարակության դերին եւ մի շարք այլ հարցերի: