Ադրբեջանի իշխանությունների կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանը հրաժարվել է փաստաբան Նաթիգ Բեյբալաեւի ծառայություններից։

Հիշեցնենք, որ Վ.Խաչատրյանը՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցը, առեւանգվել էր ընթացիկ տարվա ամռանը Լաչինի միջանցքը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ անցնելիս։ Մարտական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին ներկայացրել են առանձնակի ծանր հանցագործությունների կատարման մեղադրանք։ Չնայած ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում ԿԽՄԿ պաշտպանության տակ գտնվող մարդու առեւանգմանը,  Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլեւ հայտնվել է դատապարտյալների նստարանին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, այսօրվա նիստում Խաչատրյանը հայտարարել է, որ հրաժարվում է փաստաբան Նաթիգ Բեյբալաեւի ծառայություններից։ Նոր փաստաբան է նշանակվել Ռադմիլա Աբիլովան։