Ձեզ այստեղ հյուրընկալելը վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ ենք Հայաստանին, եւ դուք հավատարիմ եք եվրոպական ընտանիքին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ստարսբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

«Եվրոպական հարեւանությունը, հիմա, առավել քան երբեւէ, անկայուն է ու անապահով: Ես ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանը լավագույն գործընկեր է մեզ համար՝ ԵՄ արեւելյան հարեւանության շրջանակներում: Մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում Հայաստանի անկախությանը,  ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անխախտելիությանը:

Մենք երկու շաբաթ առաջ բանաձեւ ընդունեցինք, որտեղ դատապարտեցինք ԼՂ-ի նկատմամբ հարձակումը, այժմ մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք ազնիվ եւ արդար բանակցությունների վերսկսման վրա: Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքները ԼՂ-ում: Միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը ԼՂ-ում հայերի համար որոշ ժամանակով միջազգային երաշխիքները կարող են օգնել խաղաղությանը եւ հաշտեցմանը»,-ասաց նա: