Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հոկտեմբերի 20-ին, ընդունել է հոկտեմբերի 20-21-ին Երեւանում անցկացվող համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Եվրոպական շարժման նախագահ Փաթ Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որը կազմում էին Եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շարլ-Ֆերդինանդ Նոթոմը եւ Գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը գոհունակություն է հայտնել համաեվրոպական հեղինակավոր կազմակերպության Երեւանում անցկացվող համաժողովի կապակցությամբ՝ նշելով, որ նման միջոցառումների անցկացումը Հայաստանում կարեւոր խթան է հանդիսանում Հայաստան-ԵՄ համագործակցության առավել ամրապնդման համար:
Եվրոպական շարժման նախագահ Փաթ Քոքսը շնորհակալություն է հայտնել կազմակերպության համաժողովի կազմակերպմանը ՀՀ իշխանությունների ցուցաբերած աջակցության համար եւ ընդգծել, որ միջոցառումը լավ հնարավորություն է վերլուծելու այսօր ԵՄ-ում տեղի ունեցող գործընթացները ու ամփոփելու Հայաստանի-ԵՄ հարաբերություններում ցայսօր արձանագրված տեսանելի առաջընթացը:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Եվրոպական մերձեցման, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:




























