Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, անարխիստների ու ոստիկանների միջեւ փողոցային դաժան բախումների ժամանակ մահացել է մեկ մարդ, ավելի քան 10 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, մահացածը եղել է 53-ամյա հույն շինարար: Մահը վրա է հասել գլխին մի քանի անգամ քարով հարված ստանալուց հետո:
Ռադիո «Մայակը» հաղորդում է, որ բախումները շարունակվում են:
Արմատականները աղբամաններից բարիկադներ են կառուցում, ոստիկանների ուղղությամբ վառվող շշեր ու քարեր են նետում, իսկ իրավապահները արցունքաբեր գազ են կիրառում:
Բողոքի ակցիային զուգահեռ, շարունակվում են նաեւ զանգվածային գործադուլները: Արդեն մեկ շաբաթ է, չեն աշխատում պետական լրատվամիջոցները, 10-օրյա «արձակուրդ» են վերցրել Ֆինանսների նախարարության աշխատակիցները, բայց բոլոր ռեկորդները գերազանցել են աղբահանները. նրանք հրաժարվում են աշխատել արդեն 19 օր:
Չեն աշխատում պետական ընկերությունները, բանկերը, դպրոցները, համալսարանները, մաքսատունը, հիվանդանոցները, փոստը: 4-րդ օրն է կանգնած են նավերն ու օդանավերը: Աթենքի օդանավակայանում չեղյալ է համարվել 120 չվերթ:




























