Լիբիայի Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո Արեւմուտքի երկրները պատրաստվում են Լիբիայի բնական պաշարների վերաբաշխմանը:
Լիբիայի նոր իշխանությունները օգտակար հանածոների արդյունահանման պայմանագրեր կկնքեն առաջին հերթին այն երկրների հետ, որոնք մասնակցել են Քադաֆիի ռեժիմի տապալմանը: Այդ երկրներն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Իտալիան եւ Քաթարը: Այդ մասին հոկտեմբերի 21-ին գրում է «Коммерсантъ» թերթը:
Լիբիայի գլխավոր հարստությունը նավթի (29,5 միլիարդ բարել) եւ գազի (1,6 տրիլիոն խմ) պաշարներն են:
Որոշ ընկերություններ մինչեւ քաղաքացիական պատերազմի ավարտն արդեն պայմանագիր են կնքել անցումային կառավարության հետ: Եվրախորհրդարանի բրիտանացի պատգամավոր Էնդրյու Բրոնսը պատմել է լոնդոնյան Vitol ընկերության եւ անցումային կառավարության 1 միլիարդ դոլարի գաղտնի գործարքի մասին:
Բրոնսը կարծում է, որ Vitol-ն այժմ կարող է ստանալ լիբիական նավթի վաճառքի մենաշնորհ:
Foreign Policy պարբերական փորձագետ Ջոն Դալին վստահ է, որ Լիբիայի հարստությունների բաշխման մեջ առավելություն ունի Ֆրանսիան: Նրա խոսքով, դեռեւս 2011թ. ապրիլի 3-ին անցումային կառավարության ներկայացուցիչը Քաթարի էմիրին հղած նամակում նշել էր, որ ընդդիմությանն աջակցելու դիմաց Ֆրանսիան կստանա Լիբիայի նավթի 35 տոկոսը:
Դալիի կարծիքով մյուս երկրները եւս տեղ կունենան Լիբիայում: Իտալական ENI-ն, ամերիկայն եւ կանադական Marathon-ը, ConocoPhillips-ը, Hess-ը, Occidental-ն ու Suncor-ը, բարզիլական Petrobras-ը, ռուսական «Газпром нефть»-ը եւ «Татнефть»-ը պատերազմից առաջ մեծ ներդրումներ են կատարել Լիբիայում:
Լիբիայի բնական պաշարներին հավակնում է նաեւ Չինաստանը, որը չունի գաղութային կայսրության անցյալ, բայց ունի շատ փող:




























