Հինգշաբթի Եվրամիությունն ուժեղացրել է մեծ տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների վերահսկողությունը՝ Meta և TikTok ընկերություններից պահանջելով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում անօրինական բովանդակությունը և ապատեղեկատվությունը ճնշելու՝ նրանց ջանքերի մասին մանրամասներ, հաղորդում է AP-ն:
Եվրահանձնաժողովը պաշտոնապես խնդրել է սոցիալական մեդիա ընկերություններին տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են նրանք համապատասխանում թվային նոր կանոններին, որոնք ուղղված են ինտերնետ հարթակների մաքրմանը:
ԵՀ-ն Meta-ին և TikTok-ին խնդրել է բացատրել, թե ինչ միջոցներ են ձեռնարկել՝ նվազեցնելու ահաբեկչական և բռնի բովանդակության, ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածման և ընդլայնման ռիսկը:
Կախված նրանց պատասխաններից՝ Բրյուսելը կարող է որոշել պաշտոնական վարույթ սկսել Meta-ի կամ TikTok-ի դեմ և տուգանքներ սահմանել՝ «սխալ, թերի կամ ապակողմնորոշող տեղեկատվության համար», ասել է Եվրահանձնաժողովը։
ԵՄ նոր կանոնների համաձայն, որոնք ուժի մեջ են մտել օգոստոսին, խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները լրացուցիչ պարտավորություններ ունեն՝ կանխելու ապօրինի բովանդակության լայն շրջանակի տարածումն իրենց հարթակներում, հակառակ դեպքում՝ նրանց զգալի տուգանքներ են սպառնում:
Անցյալ շաբաթ Բրյուսելը, նոր օրենքի համաձայն, առաջին պաշտոնական հարցումն ուղարկեց սոցիալական մեդիա X հարթակին, որը նախկինում հայտնի էր որպես Twitter, որը պատկանում է Իլոն Մասկին:
Ավելի վաղ եվրահանձնակատար Թիերի Բրետոնը, ով պատասխանատու է դաշինքում թվային տեխնոլոգիաների համար, նախազգուշական նամակներ էր ուղարկել այս երեք հարթակներին, ինչպես նաև YouTube-ին՝ մատնանշելով Մերձավոր Արևելքում պատերազմից բխող ռիսկերը։





























