Ես թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց արցախցի ակտիվիստ Նարե Սիմոնյանը։

Նա դեմ է այդտեղ հավաքված արցախցիների արարքին, ովքեր մտել էին Արցախի  ներկայացուցչություն եւ համոզված է, որ դա ուղղորդված է եւ  կարող է պատրվակը լինել անգամ ներկայացուցչությունը փակելուն։

Նարե Սիմոնյանը ակնարկելով Արցախի նախկին պետնախարար Սամվել Բաբայանին, ասաց. «Խոսվում է այն մասին, որ պետք է դատել Արցախի ղեկավարներին, պետք է դատել այնտեղի պատգամավորներին, որոնք սահմանադրական ճանապարհով իրենց համար նախագահ են ընտրել: Գալիս է Հայաստան, հետո հայտարարում, որ այնտեղ եղած ռազմաքաղաքական ղեկավարությանը պետք է ձերբակալել, նաեւ ուղղորդում է, որ վերացնեն պետականության վերջին նշույլները:

Ես չգիտեմ՝ ինչ պաշտոն են նրան խոստացել դրա դիմաց, եւ այո, հաջորդ անգամ այս դուռը ջարդելու եւ մտնելու համար նախ իմ հայրենակիցները ստիպված կլինեն ջարդել ինձ եւ իմ երեխաներին: Հաջորդ անգամ ես գալու եմ եւ թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի:

Մեր ցավը չպիտի բթացնի մեր բանականությունը: Այդ նույն ցավը ես ունեմ, բայց չեմ կարող թույլ տալ, որ Արցախը ներկայացնող վերջին շենքը փակվի: Այս ակցիան ուղղորդված է: Մեծ մասը ուղղորդված է եղել, նույնիսկ չհասկանալով, որ ուղղորդված է»,- ասաց արցախցի կինը: