Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ֆիզիկական ներգործության անմիջական հիմնավոր կասկածով 4 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության լրատվական բաժնից։
Իր հերթին ՄԻՊ-ը հայտնել է, որ արագ արձագանքման խումբը մեկնել է ոտիկանության Արաբկիրի բաժին, որտեղ բերման են ենթարկվել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի մի քանի մասնակից։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մի խումբ արցախցիներ Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց ակցիա են իրականացրել։ Նրանք մտել էին Արցախի ներկայացուցչության շենք` ճեղքելով կարմիրբերետավորների և ոստիկանական պատնեշը։ Ավելի ուշ դրսում բախում էր տեղի ունեցել արցախցիների և Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Կարեն Շահրամանյանի միջեւ: Քաշքշուկ էր սկսվել, որի ժամանակ արցախցիները պատռել էին նրա պիջակը, պոկել՝ փողկապը։





























