Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ բանակցությունների ձևաչափերի մշտական փոփոխությունների փորձերը հայկական կողմում կասկածներ են հարուցում, թե արդյոք Բաքուն ընդհանրապես հետաքրքրված է խաղաղության գործընթացն ավարտին հասցնելով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Բաքուն արդյո՞ք չի հրաժարվում արևմտյան ձևաչափից. հայտարարել էին նաև, որ պատրաստ են բանակցություններ վարել Վրաստանում:
«Ըստ էության, ձևաչափերի մշտական փոփոխությունը մեզ մոտ լրջագույն կասկածներ է հարուցում, թե արդյոք պաշտոնական Բաքուն ընդհանրապես հետաքրքրված է խաղաղության գործընթացն ավարտին հասցնելով, թե՞ իրենք ուղղակի մի ձևաչափից մյուսն են փորձում անցնել և այդպես կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերումից խուսափել»,-ասաց Կոստանյանը:
Ինչ վերաբերում է Թբիլիսիում հանդիպում անցկացնելու վերաբերյալ հարցին, փոխնախարարը վստահեցրեց, որ այս պահին նման պայմանավորվածություն չկա:
Հայկական կողմը պատրաստ է Բրյուսելում հոկտեմբերին վերջին նախատեսվող հանդիպմանը մասնակցել:
Ըստ Կոստանյանի՝ Հայաստանը ցանկություն ունի կարգավորել հարաբերությունները հարևանների հետ: Իսկ արևմտյա՞ն, թե՞ ռուսական հարթակներում հարցին Կոստանյանը պատասխանեց, որ հարթակն ինքնանպատակ չի կարող լինել:
«Մեզ համար կարևոր է, որ մենք կարողանանք կարգավորվել հարաբերությունները: Եվ այդ կարգավորումից հետո ձեռք բերված և գրավոր ամրագրված պայմանավորվածությունները հարգվեն, և գործընկերները երաշխավորեն, որ ադրբեջանական կողմը չի խախտի»,-նշեց նա:





























