Հոկտեմբերի 21-ին Իրանի ԱԳՆ-ն ադրբեջանա-իրանական սահմանին տեղի ունեցած միջադեպի եւ իրանցի սահմանապահի սպանության կապակցությամն բողոքի նոտա է հանձնել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին:
Նոտայում նշվում է, որ ադրբեջանցի սահմանապահների գործողությունը դիտարկվում է որպես միջազգային օրենքների խախտում եւ վնաս է հասցնում երկկողմ պայմանավորվածություններին եւ բարեկամական հարաբերություններին: Իրանական կողմը պահանջել է պատժել մեղավորներին:
Ադրբեջանի դեսպանն ափսոսանք է հայտնել կատարվածի կապակցությամն եւ խոստացել է բողոքի նոտան հանձնել իր երկրի պաշտոնական կառույցներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի տարածքում սպանվել է իրանցի զինվոր, որը մոլորվել էր եւ պատահաբար հատել էր Իրանի եւ Ադրբեջանի սահմանը:
«Արդեբիլ նահանգում Իրանի եւ Ադրբեջանի սահմանային տարածքը պարեկած զինվորը սխալմամբ անցել է սահմանը եւ սպանվել է ադրբեջանցի զինվորների կողմից», – հաղորդում է Mehr-ը` հղում անելով տվյալ սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Մոյթաբ Մուսավիին: «Ադրբեւանի սահմանապահների արածն անօրինական է եւ ստոր», – ավելացրել է գնդապետը:




























