Ադրբեջանը գրավելով Արցախի մնացած մասը՝ նոր հնարավորություն է ստացել ոչնչացնելու հայկական մշակութային ժառանգությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ անդրադառնալով օկուպացված Արցախի մշակութային ժառանգության ճակատագրին:

«Արցախի ողջ մշակութայիյ ժառանգությունը հայտնվել է Ադրբեջանի թիրախի տակ եւ ես ակրծում եմ, որ այդ հնարավորությունից Ադրբեջանը հիմա կօգտվի եւ քանի հայ բնակչությունն էլ տեղում չէ, բռնի տեղահանված է, հետեւաբար ազատ գործելու հնարավորություն ունի»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը ցույց է տալիս, թե իբր  պահակներ է կանգնեցրել մշակութային կոթողների մոտ, Քորթոշյանը վստահ է, որ դա ցուցադրական մի քայլ է.

«Ադրբեջանը անցած տարիներին փաստել է, որ իր գործունեությունը հակահայկական է, ոչ միայն թիրախովորում է բնակչությանը, այլ նաեւ հուշարձաններն է թիրախավորում եւ հետեւաբար, եթե այս Ադրբեջանն է, այս իշխանությունն է, հնարավոր չէ, որ ինչ-որ բան փոխվի: Կարող է՝ որոշ ժամանակ, մինչեւ միջազգային խմբեր են գնում-գալիս, կարող է որոշ ժամանակ ցուցադրական պահպանեն, սակայն եթե երկարաժամկետ քայլեր չձեռնարկվեն, Ադրբեջանը չի պահպանի հայկական մշակութային ժառանգությունը: Մեր հուշարձանները միայն նմենք կարող էինք պահպանել, եթե այն անցել է թշնամուն, այնտեղ էլ հայեր չկան, դրան վաղ, թե ուշ ոչնչացվելու են: Իսկ Եվրոպան, ԱՄն-ն կամ միջազգային կառույցների հսկողությունը ժամանակավոր արդյունք կարող է միայն տալ»: 

Քորթոշյանը նշեց, որ դեռ տեղյակ չէ՝ ինչն է հաջողվել դուրս բերել Արցախից, ինչն է  մնացել թշնամուն:

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ  փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն էլ առանձնապես հույսեր չունի, որ թշնամին կպահպանի հայկական մշակութային  ժառանգությունը Արցախում:

«Մենք 2020 թվականից հետո տեսանք, թե  ինչպես վարվեցին իրենց վերահսկողության տակ մնացած մշակութային կոթողների հետ: Մենք միջազգային կառույցների հետ ենք հանդիպել, ՀՀ համապատասխան լիազոր մարմինների հետ, անհատ կազմակերպությունների հետ. սակայն, ցավոք սրտի, ոչ ոք չի կարողացել Ադրբեջանին համոզել, որ գոնե մոնիթորինգային խումբ ուղարկեին այնտեղ: Նրանք իրենց լրատվության մեջ արդեն հայտարարել են, որ մեր եկեղեցիները, վանքերը ոչ թե հայկական են, այլ աղվանական եւ դրա  համար են իբր պահպանում որոշները»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա: