Իրանցի փորձագետները հարմարեցրել են տեղական արտադրության «օդ-օդ» դասի հրթիռը «Քարար» ռեակտիվ անօդաչուին, ասել է Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը, տեղեկացնում է Tasnim-ը։

Գեներալ Սաբահիֆարդը հայտարարել  է, որ իր զորքերին հաջողվել է   անօդաչու թռչող սարքը զինել ջերմային ուղղորդմամբ,  8 կիլոմետր հեռահարությամբ «օդ-օդ» հրթիռով:

Ըստ նրա, մեկուկես տարվա ուսումնասիրություններից  ու փորձարկումներից հետո հակաօդային պաշտպանության փորձագետները մի շարք տեխնիկական փոփոխությունների են ենթարկել  «Մաջիդ» «երկիր-օդ» հրթիռը և այն վերածել օդային տեղակայման հրթիռի։

 Իրանցի գեներալը նշել է, որ հրթիռի մարտագլխիկը կարող է օդային տարբեր թիրախներ  խոցել։

«Քարարը» իրանական առաջին ռազմական անօդաչու թռչող սարքն է, որը սահմանել է ծառայական առաստաղի ռեկորդ՝ հասնելով 47 հազ․ ֆուտ բարձրության:

Նախկինում անօդաչու թռչող սարքը ռադիոտեղորոշիչ նախազգուշացումներ էր տալիս օտարերկրյա ինքնաթիռներին, որոնք մոտենում էին Իրանի ափամերձ ջրերին կամ նրա թռիչքային տեղեկատվական շրջանին։