«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակներում, այսօր` հոկտեմբերի 21-ին, Հայաստանի ԱԳՆ-ում անցկացվել է սեմինար՝ նվիրված սահմանային անվտանգության խնդիրներին: Սեմինարի համակազմակերպիչներն են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ ՆԱՏՕ-ի Միջազգային անձնակազմը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեմինարին մասնակցության նպատակով Երեւան էր ժամանել ՆԱՏՕ-ի պատվիրակությունը՝ Պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման ստորաբաժանման պաշտպանական քաղաքականության եւ կարողությունների բաժնի ղեկավար պրն Սթիվեն Սթըրմի գլխավորությամբ:

Աշխատանքային երկու նստաշրջանների ընթացքում` ընդհանուր «Տեղեկատվության հավաքման, ռիսկերի գնահատման եւ ռեսուրսների տեղաբաշխման արդյունավետության բարձրացում» թեմայի շրջանակներում, քննարկվեցին պետական սահմանների համալիր կառավարման, ռիսկերի վերլուծության մոդելի մշակման եւ այլ խնդիրներ: 

Հոկտեմբերի 20-ին, ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար Սթիվեն Սթըրմը դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ Դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրների առջեւ` նվիրված Լիսաբոնի գագաթաժողովի որոշումների լույսի ներքո ՆԱՏՕ-ի օրակարգային առաջնահերթ հարցերին, Դաշինքի կողմից իրականացվող գործողություններին: 

Նույն օրը ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները, պատվիրակության անդամները եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնսդեյլը այցելել են ՀՀ խաղաղապահ բրիգադ եւ ծանոթացան նրա գործունեությանը: