Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Բաքվում հանդիպել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների հետ։

Հիշենք, որ սա հապճեպ ձևավորված հասարակական կազմակերպություն է, որը կոչված է «ապացուցելու» ադրբեջանական կողմի կեղծ հայտարարությունները Հայաստանից ադրբեջանցիների զանգվածային արտաքսման մասին։ Հետագայում գաղափարը նպատակ է հետապնդում «հիմնավորել» Ադրբեջանի տարածքային հավակնությունները Սյունիքի և Վայոց Ձորի, իսկ մաքսիմում ծրագրի համաձայն՝ Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ «Դունյա Միյատովիչին զեկուցել են Հայաստանից ադրբեջանցիների բռնի վտարման մասին, ընդգծվել է, որ միջազգային հանրությունը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի մարդու իրավունքների այս ոտնահարման հետ կապված»։ Դ. Միյատովիչը «նշել է փախստականների, այդ թվում՝ Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի կարևորությունը՝ նշելով, որ այդ խնդրի լուծումը քաղաքական կամք է պահանջում»։