Ֆրանսիայի մրցակցության պաշտպանության պետական մարմնի ղեկավար Բրունո Լասեռի հրավերով, հոկտեմբերի 24-ին Ֆրանսիա կմեկնի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը:
Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ ՏՄՊՊՀ նախագահի այցը կարեւորվում է հատկապես հայ-ֆրանսիական գործարար հարաբերությունների զարգացման համատեքստում:
2 երկրների մրցակցության պաշտպանության մարմինների ղեկավարները կքննարկեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ կանդրադառնան պետական գերատեսչությունների միջեւ ստեղծված հարաբերություններին եւ դրանց ակտիվացման ուղիներին:
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանում ստորագրել երկկողմ համագործակցության հուշագիր:
Աշխատանքային հանդիպման ընթացքում Ա.Շաբոյանը եւ Բ. Լասեռը կքննարկեն հուշագրի հիմնական ուղղությունները՝ համատեղ վարույթների իրականացման, տեղեկատվության եւ փորձի փոխանակման, 2 երկրներում բարենպաստ մրցակցային միջավայրի ստեղծման եւ այլ հարցերի շուրջ:
Հանձնաժողովը շարունակում է տնտեսական մրցակցության խթանման առումով ընդլայնել եւ զարգացնել հարաբերությունները միջազգային կազմակերպությունների եւ արտերկրի համանման գերատեսչությունների հետ:
Նման փոխհարաբերությունները նպաստում են տնտեսական մրցակցության ոլորտում նոր մոտեցումների ձեւավորմանն ու դրանց հետագա իրականացմանը:




























