ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ Telegram ալիքը, փոխանցում է ТАСС-ը։

Գրառմանը կցվում են ռուսական դիվանագիտության ղեկավարի և Իրանի նախագահի բանակցություններից լուսանկարներ, մասնավորապես՝ նրանց ձեռքսեղմման կադրով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ այսօր Թեհրանում տեղի է ունեցել Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի ԱԳ նախարարների հանդիպումը։ Մասնակցում էին հինգ երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները՝ Սերգեյ Լավրովը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Խական Ֆիդանը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։ Վրացական կողմը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։

Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությամբ հանդես են եկել Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ 2020 թվականի վերջին, որը հետագայում կոչվեց «3+3»։ Ռուսաստանը և Իրանը ողջունեցին այս գաղափարը, և Հայաստանը նույնպես միացավ այդ ձևաչափին։ Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ հինգ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը։ Վրաստանը ձեռնպահ մնաց 2021 թվականի հանդիպմանը և արտաքին գործերի նախարարների մակարդակով ընթացիկ հանդիպմանը։