ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Իրանն աջակցում է այն խմբերին, որոնք հարձակվել են Սիրիայում և Իրաքում գտնվող բազաների վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք նաև ականատես ենք եղել Իրաքում և Սիրիայում ռազմական բազաների վրա հարձակումների աճին, որտեղ տեղակայված են ԱՄՆ զինված ուժերը՝ Իրանի կողմից աջակցվող պրոքի ուժերի կողմից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Մենք խորապես անհանգստացած ենք առաջիկա օրերին այդ հարձակումների որևէ էական էսկալացիայի հնարավորությամբ»,- ասել է նա։
«Մենք գիտենք, որ այդ խմբավորումներն ունեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ռեժիմի աջակցությունը: Մենք գիտենք, որ Իրանը շարունակում է աջակցել ՀԱՄԱՍ-ին և Հեզբոլլահին։ Եվ մենք գիտենք, որ Թեհրանն ուշադիր հետևում է այդ իրադարձություններին և, որոշ դեպքերում, ակտիվորեն նպաստում է այդ հարձակումներին և քաջալերում է մյուս կողմերին, ովքեր կարող են ցանկանալ օգտագործել այս հակամարտությունն իրենց կամ Իրանի շահի համար», - պնդում է Քիրբին:





























