Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ին եւ Իրանին կոչ է արել խուսափել լարվածության ուժեղացումից, ինչը հաջորդեց այն պնդմանը, թե իբր  իրանական գործակալները պայմանավորվել են սպանել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանին:

Իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ չի մտածում, թե Իրանը կապ ունի այդ դավադրության հետ, հայտնում է AP-ը:

Իր հերթին Սալեհին ժխտել է ԱՄՆ-ի մեղադրանքները` նշելով, որ դրանք «թույլ են, անհիմն եւ դատարկ»:

Անկարայում կայացած հանդիպման ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները նաեւ քննարկել են տարածաշրջանի վերջին դեպքերը, Սիրիայի  իրադրությունը, ինչպես նաեւ լիբիական գահընկեց առաջնորդ Մուամար Քադաֆիի մահվան մասին տեղեկատվությունը, հայտնում է թուրքական worldbulletin կայքը:

Հանդիպման ընթացքում Սալեհին նշել է, որ ահաբեկչությունը ընդհանուր խնդիր է Թուրքիայի եւ Իրանի համար, եւ որ երկու երկրների միջեւ համագործակցությունը պետք է ամրապնդվի իր այս այցի ընթացքում:

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրների համագործակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Քրդստանի բանվորական կուսակցությունը եւ կուսակցության իրանական թեւ PJAK-ը չեն ոչնչացվել:

 «Տարածաշրջանի բոլոր երկրների համար վտանգ ներկայացնող կազմակերպության դեմ համախմբվելը անխուսափելի է»,- ասել է Դավութօղլուն: