Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում այսօր հրավիրվել է ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվել եւ հավանություն է տրվել օրակարգային հիմնական հարցին` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին առաջարկը:
NEWS.am-ին ԿԳ նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հարցի մասին զեկուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը:
Կոլեգիայի նիստին մասնակցել են նաեւ ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների, հաշմանդամ երեխաների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում կարեւորվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառությունը սովորական հանրակրթական դպրոցներում կազմակերպելու խնդիրը:
Կոլեգիայի անդամներն ընդգծել են, որ վերջերս հաստատված հանրակրթության չափորոշիչը այդպիսի հնարավորություն ընձեռում է: Օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակը սահմանափակ կարողությամբ երեխաներին հասարակական կյանքում լիարժեք ներգրավելու եւ նրանց հասարակության լիարժեք անդամ զգալու հնարավորության ընձեռումն է:
Հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված դիտողություններն ու առաջարկները` օրենսդրական փոփոխությունը կլրամշակվի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի կողմից սահմանված կարգով կներկայացնի կառավարության հաստատմանը:




























