Մուամար Քադաֆիի այրին` Սաֆիա Քադաֆին խնդրում է ՄԱԿ-ին քննությունն անցկացնել որդու եւ ամուսնու սպանության կապակցությամբ, հայտնում է «Reuters»-ը: Սաֆիա Քադաֆին նաեւ հայտնել է, որ հպարտանում է ամուսնու եւ մարտիրոս որդիների քաջությամբ: Մինչդեռ Լիբիայի գահընկեց առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո ի հայտ են գալիս նոր մանրամասներ նրա կյանքի վերջին րոպեների եւ մահվան պատճառների մասին: «Գոյություն ունի 4 կամ 5 վարկած»,- խոստովանել է ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի ծառայության մամուլի խոսնակ Ռուպերտ Քոլվիլը:
Որոշ տեղեկություններով, գերեվարված եւ վիրավոր Մուամար Քադաֆին մինչեւ վերջ կոչ է արել Լիբիայի Անցումային ազգային խորհրդի զինյալներին կանգ առնել: «Հարամ». Սա է եղել Մուամար Քադաֆիի մահից առաջ ասված խոսքերից մեկը: Այս բառը նշանակում է «այն, ինչ որ դուք անում եք, ագելված է իսլամի օրենքով եւ անօրինական է»: «Ձենդ կտրիր, շուն: Դուք գոնե գիտե՞ք, թե ինչն է ճիշտ, ինչը` սխալ», - հարցրել է Քադաֆին եւ մահացել:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին հաղորդվում էր, որ գնդապետը, բռնվելու պահին, հասցրել է միայն բղավել. «Մի կրակեք, մի կրակեք»: Մուամար Քադաֆիի արյունոտ մարմնի պատկերներով կադրերը ողողել են ամբողջ աշխարհի հեռուստատեսությունների էկրանները, սակայն քաղաքագետների շրջանում կասկածներ են հարուցել առաջնորդի մահվան հանգամանքների իսկությունը: Ներկաներից մեկը պատահաբար նկարահանել է ամբոխին, որի մեջ երեւում է Քադաֆին, ում մազերից քաշելով հանում են մեքենայից եւ հրում:
«Նրան ողջ բռնեք, ողջ», - լսելի է տագնապահար բղավոց, իսկ հետո լսվում են կրակոցներ եւ հեռախոսի տեսախցիկը մի կողմ է անցնում, հավանաբար նկարողը փախչում է կրակոցներից փրկվելու համար:
Իսկ Անցումային ազգային խորհրդի զինվորների խոսքով` Մուամար Քադաֆին, իր հակառակորդներին անվանելով «առնետներ», ճակատագրի հեգնանքով բռնվել է աղբանոցում` Սիրտի շրջակայքում: «Նա մեզ առնետ է անվանել, ապա նայեք, թե որտեղ նրան գտանք», - «ՖրանսՊրեսսի» լրագրողներին ասել է Ահմեդ ալ Սահաթին`զինվոր, ով մասնակցել է Սիրտ քաղաքից տանող ճանապարհի եզրի աղբակույտի միջից Քադաֆիին բռնելու գործողություններին:
Առավոտվա աղոթքից հետո Քադաֆին իր մի քանի տասնյակ հավատարիմ թիկնապահների եւ գեներալ Աբու Բակրա Յունիսի հետ փորձել է փախչել Սիրտի արեւմտյան ծայրամասերով: Բայց հեռու գնալ չի հաջողվել:
Ճակատագիրը երես է թեքել նրանից. ծրագրված գործողությունների շրջանակներում ՆԱՏՕ-ի ուղղաթիռները ռմբակոծել են ռազմական շարասյունը` առանց իմանալու, որ այնտեղ գտնվում է ինքը` Քադաֆին: Գնդացիրներով եւ նռնականետներով զինված 15 ջիպ գրեթե ամբողջովին ոչնչացվել էին, ծխի մեջ կորած էին, երբ հանկարծ «Իմ տերը ողջ է» բացականչության ուղեկցությամբ դուրս է պրծել առաջնորդը եւ փորձել թաքնվել ծառերի արանքում, բայց Անցումային ազգային խորհրդի զինվորները հասցրել են նկատել: Նրանք փորձել են կանգնեցնել` կրակելով նրա ոտքերին, բայց ոչինչ չի ստացվել: Քադաֆին հասցրել է թաքնվել կոյուղատար խողովակում:
Եւ կրկին բախտը չի բերել: Նրա թիկնապահներից մեկը որոշել է հանձնվել եւ գցել է զենքը: Նա սկսել է բղավել. «Իմ տերը ողջ է, նա վիրավոր է»` ցույց տալով խողովակը: Հենց այդ ժամանակ էլ Անցումային ժամանակավոր խորհրդի զինվորները հանել են նախկին առաջնորդին գարշահոտ խողովակից: Նրա ոտքը եւ ձեռքը վիրավոր են եղել:
Հենց այդ պահից իրադարձությունների զարգացումը լրիվ խճողված է, քանի որ զինյալներից ոմանք պնդում են, որ Քադաֆիի կրծքին կրակել է նրա թիկնապահներից մեկը: Մի տեսանյութում կարելիէ տեսնել կոյուղատար խողովակը, որի անցքից երեւում են 3 դիակներ, դրանցից մեկը` առանց գլխի, իսկ պատին գրված է «Ալլահ Աքբար (Ամենակարող աստված): Այստեղ սպանվել է Քադաֆին»:



























