Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին, որպես գերի, չէր կարելի սպանել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, «Գոլոս Ռոսիի» եւ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նա հիշեցրել է Ժնեւի կոնվենցիաների մասին, որոնք ամրագրված են 1940-ականների վերջից:

Լավրովի խոսքով, այդ կոնվենցիաներում հստակ նշված է, որ երբ զինված հակամարտության մասնակիցը գերի է վերցվում, նրա նկատմամբ պետք է կիրառվեն հատուկ ընթացակարգեր, այդ թվում օգնության տրամադրումը, եթե նա վիրավոր է:

«Եւ կտրականապես արգելվում է նրան սպանել»,- հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նա նաեւ հավելել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները եւս իրավական գնահատականի կարիք ունեն: «ՆԱՏՕ-ի գործողությունները մեզ հետաքրքրում են միջազգային իրավական տեսանկյունից»,- ասել է դիվանագետը, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի օդուժի հարձակումը Քադաֆիին տեղափոխող ավտոշարասյան վրա:

Հիշեցնենք, որ Մուամար Քադաֆին հոկտեմբերի 20-ին գերի է վերցվել, ապա սպանվել Լիբիայի Սիրտ քաղաքում: