ԼՂՀ «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտիչի Մկրտչյանին զորամասում ծեծելու եւ ստորացնելու փաստի առթիվ քրեական գործով, ձերբակալվել են եւս երկու զինվորներ: Նույն գործով, երեկ` հոկտեմբերի 20-ին, ձերբակալվել էր նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Ռաֆայելի Առաքելյանը:
Նոր ձերբակալվածներն են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ` սերժանտ Վաչիկ Գաբրիելի Գրիգորյանը եւ շարքային Մովսես Աշոտի Բադալյանը:
Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտիչի Մկրտչյանին սուր փսիխոզ ախտորոշմամբ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով այսօր որպես կասկածյալներ ձերբակալվել են նաեւ նույն զորամասի ժամկետային զինծառայողներ` սերժանտ Վաչիկ Գաբրիելի Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ) եւ շարքային Մովսես Աշոտի Բադալյանը ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արթիկից զորակոչված Ժորա Մկրտչյանին դաժան ծեծի էին ենթարկել, ծխախոտ հանգցրել նրա վրա: Ըստ մամուլի որոշ հրապարակումների` նրա նկատմամբ նաեւ սեռական բռնություններ էին կիրառվել, սակայն պաշտպանության նախարարությունը ավելի ուշ հերքեց այդ տեղեկությունը:
Զինվորը խոշտանգումների հետեւանքով, ներկայումս «սուր փսիխոզ» ախտորոշմամբ, գտնվում է հոսպիտալում: Նրա հայրը` Մկրտիչ Մկրտչյանը հայտնել է, որ իր որդուն ստորացնող զինծառայողների շրջանակը հայտնի է, բայց նրանք դեռ ազատության մեջ են:
Հայրը, ով տեսել է որդուն հոսպիտալում, այսպես է նկարագրել նրա վիճակը. «Անտանելի վիճակ, կապույտ… ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած, հույս չունեմ, թե ականջը կվերականգնվի, ոտքերը` վերք, կապույտ ու սրտից է բողոքում, ասում է` քացով միշտ սրտիս էին խփում»:
Հայրը միջադեպի մասին իմացել է սեպտեմբերի 27-ին, թեեւ դեպքն ավելի շուտ է եղել:
«Զինվորական գրքույկը վերցրել, գցել են զուգարանը, տղես էլ ասել է` թե ի՞նչ եք անում, տղերք, նման բան անո՞ւմ են, դա իմ պատիվն է, պիտի տանեմ, ցույց տամ, որ ես ծառայել եմ «ու էդ կռիվը սկսվել է», - պատմել է Մկրտիչ Մկրտչյանը:
«Սա բանակ չէ, բանակի վիճակ չէ: Տանջվելով երեխա եմ մեծացրել, որ տանեն խելա՞ռ սարքեն կամ դիա՞կ տան ձեռքս: Աֆիցերներներին փողով մատակարարում են, որ իրենց էրեխեքը բանակում ինչ այլանդակություն, ինչ ստորություն ասես անեն», - ասել է զայրացած հայրը:




























