Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու «Ռոստելոկոմ» ընկերության նախագահ Ալեքսանդր Պրովոտորովը, Երեւանում քննարկել են քաղաքապետարանի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ռուսական առաջատար ընկերության հնարավոր համագործակցության հարցերը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորելով նորագույն տեխնոլոգիաների ներդրման եւ կիրառման դերը քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման հարցում, Կարեն Կարապետյանը հյուրերին նախ ներկայացրել է «Ռոստելեկոմ»-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները: Որպես այդպիսիք, քաղաքապետի դիտարկմամբ, կարող են լինել «Անվտանգ քաղաք», «Էլեկտրոնային քաղաք» եւ «Ստորգետնյա այլընտրանքային հաղորդուղիների ցանց» նախագծերը, որոնց ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ տարվում են քաղաքապետարանի համապատասխան օղակների կողմից:
«Ռոստելոկոմ» ընկերության նախագահ Ալեքսանդր Պրովոտորովը պատրաստակամություն է հայտնել փոխգործակցել քաղաքապետի նշած նախագծերի շրջանակում եւ խոստացել առաջիկա ամիսների ընթացքում քննարկան ներկայացնել ընկերության առաջարկների ամբողջական փաթեթը:
«Մեզ համար, ըստ էության, սա կարող է դառնալ Ռուսաստանի սահմաններից դուրս գործունեություն ծավալելու առաջին փորձը: Եվ հաշվի առնելով կառավարման մասով Ձեր մոտեցումները, ինչպես նաեւ Երեւանում գործող մեր ռազմավարական գործընկերոջ` «Ջի Էմ Սի Ալֆա» ընկերության առկայությունը, հուսով եմ այդ փորձը կլինի արդյունավետ ու կդառնա օրինակելի»,-նշել է «Ռոստելոկոմ» ընկերության նախագահը:
Հաշվի առնելով ընկերության «Դատա Կենտրոն»-ներ ստեղծելու մեծ փորձը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ռուսական կողմի հետ քննարկել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի միասնական տեղեկատվական կենտրոնի ստեղծման հնարավորության, ինչպես նաեւ երեւանցիների համար էլեկտրոնային միասնական ծառայությունների համակարգի ստեղծման ու զարգացման հարցեր:




























