Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` հոկտեմբերի 21-ին, Գարեգին Բ-ն ընդունել է Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն իր գնահատանքն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում իրենց ներդրած ջանքերի համար:
Այնուհետեւ նա ներկայացրել է Հայոց Եկեղեցու ներգրավվածությունը եւ ներդրումը տարածաշրջանում խաղաղության եւ համերաշխության մթնոլորտի ձեւավորման գործընթացում: Կաթողիկոսը տեղեկացրել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ պարբերաբար տեղի ունեցող` տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ եւ քառակողմ հանդիպումների մասին, որոնց արդյունքում Ռուս եկեղեցու պատրիարքը, Ամենայն հայոց կաթողիկոսը, Վրաց եկեղեցու հովվապետը եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը խաղաղության եւ համերաշխության համատեղ կոչեր են հղում տարածաշրջանի ժողովուրդներին:
Այս առնչությամբ, Գարեգին Բ-ն հայտնել է նաեւ, որ նոյեմբերի վերջին Հայաստանում կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության ժողովի առիթով եւս տեղի կունենա նման հանդիպում:
«Մենք լավատես ենք, որովհետեւ խաղաղությունը, հաշտությունը եւ համերաշխությունն այլընտրանք չունեն», - նշել է Հայոց կաթողիկոսը:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ-ն եւ հյուրերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:




























